Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Եթե Հակոբ Պարոնյանը ողջ լիներ այսօր

Եթե Հակոբ Պարոնյանը ողջ լիներ այսօր
10.07.2025 | 12:51

Եթե Պարոնյանը ողջ լիներ այսօր, թերևս չէր շտապի թատրոն։

Թատրոնը դուրս է եկել դահլիճներից։ Նա պարզապես կապ կհաստատեր համացանցում։

Բավական էր մի փոքր հետևեր Ազգային ժողովի ուղիղ եթերին կամ բացեր պատահական մի վերլուծաբանի յութուբյան ալիքը, ու նոր «Պաղտասար աղբար»-ն արդեն պատրաստ էր։

Նա երևի չէր հասցնի գրել՝ մարդիկ իրենից արագ «բեմադրում» էին իրականությունը։ Մենակ մի տարբերություն կար․ Պարոնյանի ժամանակ մարդիկ դեռ կեղծում էին, իսկ հիմա՝ բնական են կեղծ լինելու մեջ։

Նա կտեսներ, թե ինչպես են

բառերը դատարկվում,

արժանապատվությունը դարձել «հարմարեցված լռություն»,

իսկ խիղճը՝ գրաֆիկից դուրս մնացած բանաձև։

Նա կլսեր առաջնորդների խոսքերը՝ լցված «բարեկամություն», «խաղաղություն», «ճանապարհ» ու «հումանիտար» բառերով, ու կգրեր, գուցե տխուր հեգնանքով՝

«Երբ շատ ես խոսում՝ ճշմարտությունը տեղ չի գտնում»։

Պարոնյանն այլևս չէր ծիծաղի։

Նա կհասկանար, որ այս անգամ ծիծաղը այլևս զենք չէ, այլ՝ մեխանիզմ՝ ցավին դիմանալու։

Նա կգրեր ոչ թե հասարակության մասին, այլ մեզանից յուրաքանչյուրի՝

«ՈՒ՞ր ենք թողել խիղճը, երբ կարողանում ենք ծափահարել նրան, ով ծիծաղում է մեր գոյության հաշվին»։

Նա չէր դատի։ Նա կզգուշացներ։

Չէր հեգնի մեր միամտությանը, այլ կփարվեր՝ հիշեցնելու․

«Մեր ժողովուրդը սիրում է նրան, ով իրեն խաբում է, և ատում նրան, ով ասում է ճշմարտությունը»։

Որքա՞ն հեշտ է սա կրկնել, ու որքա՞ն դժվար՝ փոխվել։

Սուտը դարձել է հասարակ ճշմարտություն, իսկ ճշմարտությունը՝ անհարմարություն։

Որքան ժամանակ դեռ պետք է անցնի, որ ի վերջո ուզենք ապրել՝ արժանապատիվ։

Պարոնյանը ողջ լիներ, գուցե մեզ չասեր՝ «արթնացե՛ք»։

Կասեր՝ «Ես արդեն տեսել եմ՝ ինչ է լինում, երբ դուք չեք արթնանում»։

Եվ, ինչպես միշտ, կխոսի սրտից, բայց ուղիղ.

«Մի օր մենք չպիտի վախենանք թշնամուց, այլ՝ սեփական համակերպումից»։

Հիմա մեզ պետք չէ նոր Պարոնյան։

Մեզ պետք է այն սթափությունը, որ նա վաղուց արդեն գրել է։

Մնում է՝ կարդալ ինքներս մեզ։

Մարի Գ.

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ